Բաժիններ՝

«Քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու հրամանագիրը ստորագրվում է հանձնաժողվի եզրակացության և վարչապետի առաջարկի հիման վրա». նախագահի աշխատակազմ

Մամուլում այսօր տեղեկություն էր  հրապարակվել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը  չի ստորագրել  16-ամյա քաղաքացու՝ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը, և վերջինս դատական հայց է ներկայացրել: Տեղեկությունը ճշտելու նպատակով 168.am-ը դիմեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից պատասխանեցին.

«Հանրապետության նախագահը, Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիություն դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նշյալ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումը քաղաքացին ներկայացնում է Ոստիկանություն:

Ոստիկանությունը տվյալ դիմումի վերաբերյալ իր եզրակացությունը ուղարկում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Հիշյալ հանձնաժողովը քննարկման արդյունքում կազմված ամփոփ եզրակացությունը Ոստիկանությունից ստացված եզրակացության հետ ներկայացնում է վարչապետին: Որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջարկություն՝ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին՝ կցելով Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

2018 թվականի հոկտեմբերի 5-ին վարչապետի կողմից Հանրապետության նախագահին է ներկայացվել 2002թ. ծնված Վարդան Կարապետյանի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին առաջարկությունը և կից համապատասխան հրամանագրի նախագիծը, որը  Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է  2018 թվականի հոկտեմբերի 8-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս