«Ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ 105 մլն դոլար, ԱԷԿ-ի վերականգնման աշխատանքների համար է»
ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր ներկայացվեց 2019 թվականի փոխառությունների ծրագիրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալներ և այլք:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ անցնող տարվա ծրագիրը հաջողել են, և համոզվածություն հայտնեց, որ հաջորդ տարի ծրագրերը ևս կհաջողեն:
«Ֆինանսական շուկան ոչ միայն կայուն պետք է լինի, այլ՝ կայուն զարգացող»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:
Նախարարության ՊՊԿՎ պետի տեղակալ, գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը ներկայացրեց, որ 2019թ.-ին պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 151.6 մլրդ դրամ, որից 97.5 մլրդ-ը նախատեսվում է ներգրավել արտաքին աղբյուրներից: Ըստ նրա՝ հաջորդ տարի կներգրավվի 490 մլն դոլար վարկ, որից 152.1 մլն-ը բյուջետային աջակցություն է (74 մլրդ դրամ), իսկ 337.6 մլն դոլար կստացվի նպատակային ծրագրերի համար:
ՊՊԿՎ ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանի խոսքով՝ պարտքի սպասարկման համար հաջորդ տարի մայր գումարի մարմանը կուղղվի 175 մլն դոլար, տոկոսավճարին՝ 117.6 մլն դոլար: Նա նշեց, որ վարկերի 39.4% ստացվելու է ՌԴ-ից, 10.8% ԱԶԲ-ից, 10.3%-ը՝ Վերակառուցման և զարգացման միջպետական բանկից, և այլն, իսկ 30.7%-ը դեռ բանակցման փուլում է:
«Ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ 105 մլն դոլար, ԱԷԿ-ի վերականգնման աշխատանքների համար է»,- ասաց Համբարձումյանը: