
«Որևէ երկրի հետ հարաբերությունները չենք կառուցում մեկ այլ երկրի դեմ»․ Աննա Նաղդալյան

«Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Իրանում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշումների մասին։
Աննա Նաղդալյանն ասաց, որ այդ հայտարարությունից տեղյակ չէ։ Նրա պնդմամբ, Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա։ «Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք կառուցում մեկ այլ երկրի դեմ և երբևէ չենք կառուցել, դա մեր օրակարգում պարզապես չկա։ Նշածս սկզբունքն է ընկած ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմն ադրբեջանական հայտարարություններին պատասխանողի դերում, Աննա Նաղդալյանը արձագանքեց՝ ասելով, որ, երբ կա դռնփակ հանդիպում, որի ընթացքում քննարկումները չպետք է հանրայնացվեն, ԱԳՆ-ն հետևում է դիվանագիտական կոռեկտության կանոններին՝ չի հրապարակում դռնփակ նիստերի բովանդակությունը։ Բայց, ըստ նրա, արձագանք լինում է, երբ հրապարակայնացվում է կողմերից մեկի կողմից։