Բրազիլիայի նախագահը պաշտոնից կհեռանա կոռուպցիոն նոր մեղադրանքներով
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2019 թվականի հունվարի 1-ին, երրորդ անգամ մեղադրել են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Մեղադրանքները նրան առաջադրել է երկրի գլխավոր դատախազ Ռեկել Դոջը: Նոր յուրացումներին նրա մասնակցությունը բացահայտվել է Բրազիլիայում նավահանգիստների կառավարման նորմերի դյուրացման մասին հրամանագիրն ընդունելիս կոռուպցիայի գործով հետաքննության ժամանակ: Տեմերը, ինչպես ենթադրվում է, փող է ստացել 2017 թվականին հրամանագիրն ստորագրելու համար, որը թույլ է տվել նավահանգստային երկու պարտավորագրերը երկարացնել 70 տարով:
Պետության ղեկավարն ինքը ժխտում է իր մեղքը եւ պատրաստ է ապացուցել կոռուպցիոն սկանդալին իր մասնակից չլինելը:
Ինչպես նշում է Reuters-ը, Տեմերը, լինելով նախագահի պաշտոնում, կկարողանա դատարանի առջեւ կանգնել, եթե միայն երկրի Ազգային կոնգրեսի ստորին պալատը քվեարկի դրա օգտին: Սակայն, ինչպես ճշտում է գործակալությունը, դա տեղի չի ունենա մինչեւ պաշտոնից նրա հեռանալը: Միեւնույն ժամանակ մեղադրանքներն ուժի մեջ կմնան այն բանից հետո, երբ Տեմերը վայր կդնի լիազորությունները, եւ նա, ամենայն հավանականությամբ, դատարանի առջեւ կկանգնի պաշտոնաթողությունից անմիջապես հետո:
2017 թվականի հոկտեմբերին Կոնգրեսի ստորին պալատն արդեն մերժել է պետության ղեկավարի դեմ ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները: Քվեարկությունը նշանակել է, որ նրան դատական հետապնդում չի սպառնում, քանի դեռ նա նախագահ է մնում: