Քրդերը Սիրիայից զորքերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի որոշումը որակել են՝ «հարված թիկունքին». Sky
«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) զինված կոալիցիան, որի հիմնամասը կազմում են քրդական կազմավորումները, Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը գնահատել է «որպես դաշույնով հարված թիկունքին»:
Դեկտեմբերի 19-ին այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստակայանը՝ վկայակոչելով ԺՍՈՒ-ի հրամանատարության ներկայացուցչի հայտարարությունը: «Դա դավաճանություն է եւ դաշույնով հարված թիկունքին»,- մեջբերել է հեռուստակայանը քրդերի ներկայացուցչի արձագանքը: Այժմ ԺՍՈՒ-ի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի տարածքի մոտավորապես 27 տոկոսը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ նրանք «Իսլամական պետության» (ԻՊ) հրասակախմբերից ազատագրել են Հասեկեի նահանգը եւ Ռաքայի նահանգի մեծ մասը: Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել Սիրիայից զորքերը լրիվ դուրս բերելու մասին, որտեղ գտնվում է 2 հազար ամերիկացի զինծառայող: Թրամփը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը հաղթանակ է տարել ԻՊ-ի նկատմամբ, ինչը Սիրիայում ամերիկյան զորակազմի գտնվելու միակ նպատակն Է եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: