
Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԿԲ պաշտոնյա

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:
«Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում:
Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչությանպետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում: «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-նշեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ: