Բաժիններ՝

Կառավարությունը՝ ընդդեմ ԾԻԳ-երի. 3-րդ մոտեցում

Կառավարության վերջին նիստում կրկին բուռն քննարկվեց կառավարության կազմում գործող Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությանը՝ որպես տեսլական ներկայացնելով դրանց կրճատման և խմբավորման խնդիրը: Ասել, որ Փաշինյանի կառավարությունն առաջինն է, որ ձեռնամուխ է լինում  ԾԻԳ-երի կրճատմանը, իրավացի չի լինի: Դեռևս 1999 թվականին պետական կառավարման համակարգի զարգացմանը զուգընթաց՝   կառավարության քննարկումների օրակարգում հայտնվեցին նաև ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների կրճատման և օպտիմալացման խնդիրները: Այն արդիական էր նաև նախորդ իշխանության, հատկապես՝ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում:

2016թ. նոյեմբերին Կարեն Կարապետյանը խնդիր դրեց կառավարության անդամների առջև՝ ՊՈԱԿ-ների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ) և ԾԻԳ-երի թվաքանակը կրճատել և օպտիմալացնել: 2017թ. սեպտեմբերի դրությամբ կառավարությունն ուներ թվով թվով 13 ԾԻԳ-եր, որոնք միասին ունեին թվով 356 աշխատակիցներ, իսկ բոլոր այդ կազմակերպությունների պահպանման ծախսերը միասին  կազմում էր շուրջ 25 միլիարդ դրամ:

Որոշ ժամանակ անց բոլոր նախարարները սկսեցին ՊՈԱԿ-ի կամ  ԾԻԳ-ի լուծարման և միավորման մասին իրենց որոշումն առաջարկել: Տարեվերջին պարզ դարձավ, որ կրճատվել և օպտիմալացվել են  թվով 5 ԾԻԳ-եր և 17 ՊՈԱԿ-ներ: Պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ՝ 2017թ. հունվարին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ օպտիմալացման այդ քայլերի արդյունքում տնտեսվել է  5 միլիարդ դրամից ավելի գումար:

Այնուհետև օպտիմալացման հերթը հասավ այն ԾԻԳ-երին, որոնք   ֆինանսավորվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից` վարկային կամ այլ միջոցների հաշվին: Այն ժամանակ խնդիր էր դրվել   բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ` ԾԻԳ-երի թիվը և դրանց պահպանման ծախսերը 1/3-ով կրճատելու նպատակով: 2018թ. գարնանը տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունն ընդհատեց Կարապետյանի թիմի կողմից այդ ծրագրի իրականացումը, սակայն նպատակը չկորցրեց իր առաջնահերթությունը և դրանից ամիսներ անց ձևակերպվեց՝ որպես գերակա խնդիր նաև Փաշինյանի կառավարության համար՝ այդպիսով սկիզբ դնելով «Կառավարությունը՝ ընդդեմ ԾԻԳ-երի» 3-րդ գործողությանը:

Մասնավորապես, անցած շաբաթ կայացած կառավարության նիստում Փաշինյանը նշեց. «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել»: Ըստ Ն. Փաշինյանի՝  ԾԻԳ-երի փակման մասին բոլոր քնարկումների ժամանակ իրեն ասում են՝ նախարարությունում  աշխատողները համապատասխան կարողություններ չունեն համապատասխան ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով   բուն խնդրին և փորձելով պատասխանել այն հարցին, թե ի վերջո մեր երկիրը պե՞տք է ունենա Ծրագրերի իրականացման գրասենյակներ, թե՞ ոչ, պետք է ֆիքսենք, որ խնդիրն իր մեջ մի քանի ասպեկտներ է պարունակում:

Առաջին հերթին, նախարարություններն իրենց գործառույթներով և ծավալած գործունեությամբ չեն տեղավորվում ծրագրերի իրականացման ձևաչափի մեջ, ուստի, եթե ԾԻԳ-երի լուծարումով մենք նույն գործառույթը դնելու ենք նախարարությունների վրա, ապա վերջինիս կազմում պետք է ձևավորվի առանձնացված մի ստորաբաժանում, որն ի զորու կլինի համաչափորեն փոխարինել գրասենյակի գործունեությանը: Սա իր ձևով կլինի, այսպես կոչված,   «մինի ԾԻԳ» նախարարության կազմում, ինչը դե ֆակտո միայն արտաքին տեսքը կփոխի, սակայն բովանդակային առումով ամեն ինչ գրեթե նույնը կմնա:

Հաջորդ կարևոր խնդիրը միջազգային կառույցների դիրքորոշումն է: Բանն այն է, որ միջազգային կառույցների համար ավելի հեշտ և հարմար է աշխատել առանձին կառույցի հետ, որը պատասխանատու է ամբողջ ծրագրի իրականացման համար:  Նախարարություններն իրականացնում են նաև այլ գործառույթներ, ինչը բարդացնում է  համագործակցությունը:

Այս առումով առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը բավականին բարդ  ճանապարհ է  սպասվում, քանի որ նրանք պետք է նախ նախարարությունների աշխատակազմերը համալրեն համապատասխան մասնագետներով, ձևավորեն ստորաբաժանումներ և միջազգային կառույցներին համոզեն, որ այդ փոփոխություններից իրականացվող ծրագրերը որակական խնդիրներ չեն ունենալու: Հակառակ պարագայում պետք է չմոռանանք, որ միջազգային կազմակերպությունները նաև ֆինանսական կարևորագույն դոնորներ են մեր երկրի համար, ում հետ աշխատանքում բարդություններ ստեղծելը հետագայում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

ԾԻԳ-երի կրճատումը կամ վերացումը չպետք է ինքնանպատակ լինի, ոչ էլ արվի ընդամենը կարճաժամկետում ֆինանսական խնայողությունների հասնելու համար: Այն պետք է կշռադատված և կանխամտածված գործողությունների համակարգի տարրը դառնա, որը հնարավորություն կստեղծի պետական ֆինանսների և արտասահմանյան կազմակերպությունների տրամադրած ֆինանսների օպտիմալ կառավարման համար:

Հայկ Բեջանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս