Անցյալ շաբաթվանից ՀՀ-ում շրջանառվում է գրիպի վիրուսը

Սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը Հայաստանում բնականոն է, և դրանք նկատվում են հիմնականում մինչև 14 տարեկան երեխաների մոտ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ 2018 թվականի հոկտեմբերից հանրապետությունում սկսվել է սուր շնչառական վարակների սեզոնը:

«Ամբողջ տարին մոնիթորինգներ ենք իրականացնում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր մոնիթորինգներն իրականացվում են ամեն օր, որպեսզի անընդհատ իրազեկ լինենք, թե ինչ վիճակ է Հայաստանում: Այսօր, արձանագրված հիվանդացությունը բնականոն հունով ընթանում է: Այս պահի դրությամբ՝ 100 հազար բնակչից հիվանդացության ցուցանիշը կազմում է 136: Այսինքն՝ համաճարակային ամենացածր շեմից մոտ 1.1 անգամ  սուր շնչառական վարակներով մարդկանց քանակն ավելացել է: Սա շատ բնական է այս սեզոնի ընթացքում: Հիվանդացությունն ավելի շատ նկատվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Մենք ամեն տարի նմանատիպ խնդիր ունենում ենք, ոչ մի արտառոց դեպք չկա»,- տեղեկացրեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներ դիմում են հիմնականում մանկական բաժանմունքներում: Անցյալ շաբաթվանից ՀՀ-ում շրջանառվում է գրիպի վիրուսը:  

«Մենք գրիպի սեզոնում ենք, և այն կշարունակվի մինչև 2019 թվականի մայիսը ներառյալ: Այս պահի դրությամբ՝ խուճապի մատնվելու ոչ մի դեպք և տվյալ չկա»,- շեշտեց ՀՀ ԱՆ բաժնի պետը: Նա հավելեց, որ այս պահին հետգրիպային բարդություններով հիվանդներ վերակենդանացման բաժանմունքներում չկան:

Թորոսյանը հորդորեց ազգաբնակչությանը գրիպի դեպքում մնալ տանը և բժշկի նշանակումով ստանալ համապատասխան բուժում, հատկապես, ամանորյա տոների ընթացքում հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ: Նա ընդգծեց, որ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ հնարավոր է ավելի բարդացնել իրավիճակը: Մասնագետն ասաց, որ պետք է պարտադիր հետևել հիգիենայի կանոններին՝ մաքուր պահել ձեռքերը, հաճախ օդափոխել տարածքը, հնարավորության սահմաններում սահմանափակել շփումներն հիվանդ անձանց հետ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը:

Համեմատելով 2017 թվականի ցուցանիշնեն ընթացիկ տարվա այս հատվածի հետ՝ ՀՀ ԱՆ բաժնի պետը նշեց, որ նույն պատկերն է, և որևէ փոփոխություն ցուցանիշներում չկա՝ ոչ դեպքերի նվազման և ոչ էլ ավելացման առումով:

Լիլիթ Դեմուրյան

Տեսանյութեր

Լրահոս