«Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ խախտումներ են եղել». Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ վերջին ամիսներին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 5 և 6-րդ հոդվածներով նախատեսված նորմերի բազմապիսի խախտումներ են եղել։
«Սա է պատճառը, որ ձերբակալված անձանց դատապաշտպանները հայտարարում են, որ դիմելու են Եվրոպական դատարան, այնտեղ չեն դիմում նյութական մասով, սահմանադրական կարգ տապալե՞լ են, թե՞ ոչ, այնտեղ դիմում են հետևյալ հարցով՝ արդյո՞ք տվյալ հոդվածը եղել է այն տարիներին, երբ տվյալ գործողությունը տեղի է ունեցել։ Այսինքն՝ նրանք դիմելու են զուտ դատավարական նորմերի խախտումների մասով»,- նշեց Լ. Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ այդ ձերբակալություններն ունեն բազմաթիվ խութեր, և այդ վիճակը վատ է բնութագրում Հայաստանին։
«Հիշեցնեմ, որ, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ սեփականության իրավունքը մասսայաբար որտնահարվում էր, ասել էի, որ տվյալ անձինք այդ հարցով դիմելու են Եվրոպական դատարան և հաղթելու են։ Այն ժամանակվա արդարադատության նախարարն ասել էր, թե շահագրգռված են, թող դիմեն Եվրոպական դատարան։ Այնտեղ դիմած 15-20 մարդ ստացել էր դրական որոշում, և նրանց բյուջեից պետք է գումար հատկացվեր։ Սա Հայաստանում անփոփոխ վիճակ է և ամբողջության մեջ խոսում է այն մասին, որ Հայաստանում մարդու դատավարական իրավունքների հանդեպ արհամարհանքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է նախկինում։ Առաջինը ես չէ, որ այս ամենի մասին խոսում եմ»,- շեշտեց Լ. Ալավերդյանը։
Ըստ նրա՝ նույնիսկ հասարակության համար ամենաատելի անձը, որի առողջական վիճակն անհամատեղելի է ձերբակալության հետ, կապ չունի, թե նա ինչ է արել դրանից առաջ՝ չպետք է այդ անձին պահել փակ վայրում։
Զվարթ Խաչատրյան