Ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով արձակված հրթիռը վնասել է զինծառայողի աջ աչքը. ՔԿ
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
Զինծառայողը վնասվածքն ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ, որի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:
Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: