
ԱՄՆ-ում Թրամփի ժողովրդականությունն ընկել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո. հարցում

Ամերիկացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որի արդյունքներով՝ դեմոկրատները հսկողություն ստացան Ներկայացուցիչների պալատի նկատմամբ: Այդ մասին վկայում են Համազգային հարցման՝ դեկտեմբերի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացվել է NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal թերթի պատվերով:
Հարցման տվյալների համաձայն, Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս դրա մասնակիցների 43 տոկոսը, 54 տոկոսը բացասաբար է վերաբերվում դրան: Համեմատության համար նշենք, որ նոյեմբերին կայացած ընտրություններից ոչ շատ առաջ անցկացված համանման հարցման արդյունքներով, այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 46 տոկոս եւ 52 տոկոս:
Ընդ որում՝ այն հարցին, թե իրենք 2020 թվականի ընտրությունների ընթացքում կքվեարկեին արդյոք Թրամփի երկրորդ ժամկետի օգտին, հարցվածների միայն 38 տոկոսն է հաստատական պատասխան տվել, 52 տոկոսն ասել է, որ չի պաշտպանելու ներկայիս նախագահին:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 9-ից մինչեւ 12-ը հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով: Դրան մասնակցել են 900 ամերիկացիներ, այդ թվում՝ գրանցված ընտրողներ: Հետազոտության արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 3 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: