Արդարադատության նախարար Զեյնալյանը կոչ է անում խորամուխ չլինել գաղտնալսման ձայնագրության բովանդակության մեջ

«Այս Կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք չեն բավարարել կամ չեն գոհացրել կալանքի միջնորդություն ներկայացրած մարմնին, և այդպես պետք է լինի ժողովրդավարական հասարակարգում։ Արդարադատության նախարարը որևէ դատավորի որևէ հրահանգ չի տվել, և ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել այդ ձայնագրությունները (նկատի ունի ԱԱԾ և ՀՔԾ պետերի, Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները,- Ա.Վ.)։ Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով, և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նպատակով, և դա շանտաժ է, դա շորթում է, դա ահաբեկչություն է։ Եվ եթե մենք տուրք տանք քննարկման առարկա դարձնել դրանց բովանդակությունը, մենք շատ փխրուն իրավունքի նկատմամբ իրականացնում ենք ոտնձգություն ու ինքներս դառնում ենք դրա գործիքները»,- այսօր իր մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նրան, ի վերջո, հաջողվե՞ց արդյոք անկախ դատական համակարգ ձևավորել, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիտարկումը գաղտնալսման բովանդակության վերաբերյալ։

Նախարարի մեկնաբանմամբ՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը, նամակագրության ու հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը հիմնարար և խոցելի իրավունք է ներկայիս տեխնիկայի դարում։

«Եթե մենք քննարկենք այդ խոսակցությունների բովանդակությունը, մենք կդառնանք այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն արած մարդկանց, խմբերի գործիքը։ Այդպիսի միջամտություն կարող է անել բացառապես պետությունը, բացառապես դատարանի դատական ակտի հիման վրա, և օրենքով սահմանված կարգով այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակարգում։ Դա չափազանց վտանգավոր միջամտություն է։ Մենք բոլորս դրա պոտենցիալ զոհերն ենք, քանի դեռ չի բացահայտվել այդ խումբը կամ այդ անձը ու չի ենթարկվել պատասխանատվության»,- նշեց նախարարը։

Համարելով, որ լրագրողներն իրավապաշտպաններ են՝ նա նրանց կոչ արեց խորամուխ չլինել այդ ձայնագրության բովանդակության մեջ՝ հավելելով, որ գրավականը, որ դատական համակարգը բարելավվել է և ավելի անկախ է դարձել, հենց նա է, որ պետական մարմինները դատարաններում պարտվում են, իսկ պետական մարմինները դատարաններում պարտվում են, և սա նորմալ է։ Դատարանը անկախ է, և կարող են նրա ընդունած որոշ ակտեր չբարելավել պետական մարմիններին։

 

Տեսանյութեր

Լրահոս