Արցախ ներմուծված ապրանքների ծավալը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 22.8 %-ով
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 9.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել 17.5 տոկոսով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 8.1 մլրդ դրամ և 9.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 4 մլրդ դրամ և 0.5 մլրդ դրամ գումարի չափով: