«Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսելով՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Ֆրանկլին Գոնսալես անունով ներկայացած Նարեկ Սարգսյանի գործի մասին, լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրա մոտ եղած գծանկարներն ուղարկվել են փորձաքննության և պարզվել է, որ դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձինին:

Իսկ  թե ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիր՝ հարցին Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ այդ առումով իրենց ոչինչ հայտնի չէ:

«Ալեքսանդր Սարգսյանն այս գործի շրջանակներում չկա, նրա նկատմամբ հարուցված է այլ քրեական գործ՝ փողերի լվացման հատկանիշներով, որը քննվում է»,- ընդգծեց Ա. Վանեցյանը:

Անդրադառնալով մեծ հնչեղություն ստացած երկու գաղտնալսումներին, նա նշեց, որ Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում բոլոր հարցերի պատասխանը կտրվի:

Կարդացեք նաև

«Այս պահին դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է բովանադակությանը, ուզում եմ ասել, որ խոսակցությունը մոնտաժված է, ինչը կապացուցվի նաև փորձաքննությամբ: Եթե այդ գաղտնալսումներին չարձագանքեի, ինձ որևէ մեկը ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է ու գնայինք առաջ:

Որևէ մեկը չի կարող հիմնավորել դատական մարմիններում, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որից կարող է երբևէ ամաչել, որևէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ:

Ընդհակառակը՝ գաղտանալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շատ մանրակրկիտ անդրադարձել էր երկրորդ գաղտնալսմանը, որի անդրադարձն ավելի շատ նյութ էր պարունակում, քան իրական գաղտնալսումներն են»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնող անձինք կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված պատիժ, իսկ եթե կլինի մի բան, որի համար պետք է պատասխան տա ինքը, ապա պատրաստ է պատասխանել իր ցանկացած խոսքի համար:

«Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք և պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,-շեշտեց Վանեցյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ իրենց գաղտնալսելուց չեն լսի այն, ինչ ԱԱԾ պետին, ԱԱԾ պետը ժպիտով պատասխանեց. «Ձեզ գաղտանլսելուց ավելի շատ բան կլսեն: Ես հեռախոսով պետական գաղտնիքի մասին չեմ խոսել»,- նշեց Ա. Վանեցյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսը փոխանցել է անկախ փորձագիտական մարմնին, որը վերծանել է բջջայինի բոլոր հավելվածները, ինչն էլ ապացուցում է, որ  դատավորի հետ չի խոսել. «Գործը քննող որևէ դատավորի չեմ ճանաչում»:

Հարցին՝ այս գործում նախկին իշխանությունների մասնակցությունը տեսնո՞ւմ է, Վանեցյանը պատասխանեց, որ հարցը չի մեկնաբանում:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս