Բաժիններ՝

Ինչպե՞ս կլուծվի ջավախահայերի խնդիրը. նրանք վախենում են վերադառնալ, որպեսզի չձերբակալվեն

Դեկտեմբերի 14-ին Ջավախքի բազմաթիվ երիտասարդներ փակել էին վրաց-հայկական սահմանը և ՀՀ կառավարությունից պահանջում էին  իրենց հարցին լուծում տալ:

Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր նախկինում ստացել էին ՀՀ քաղաքացիություն, բայց չէին ծառայել հայկական բանակում՝ բերման են ենթարկվում ոստիկանության կողմից:

Դեկտեմբերի 6-ի հրապարակման մեջ «168 Ժամը» հրապարակել էր ջավախահայերից ստացված մի ահազանգ-նամակ, որում ասվում էր.

«Արդեն 10-15 տարի Ջավախքի հայ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի (խոպան) մեկնելու համար ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ ըստ էության դառնալով երկքաղաքացիներ։ Դա արվում էր այն պատճառով, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում չեղարկվեց Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելելու ռեժիմը, և Վրաստանի քաղաքացի ջավախահայերի համար առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու միակ տարբերակը դարձավ հայկական քաղաքացիություն ստանալը։

Կարդացեք նաև

Սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ Հայաստան մուտք գործած երկքաղաքացի ջավախահայերը երկիր մտնելու հետ կապված լուրջ խնդիր ունեն, քանի որ իշխանությունները նրանց առջև պայման են դնում՝ կամ որպես ՀՀ քաղաքացի վերջիններս պետք է ծառայեն ՀՀ զինված ուժերում, կամ կդատապարտվեն։ Կռվանն այն է, որ ջավախահայ տղամարդիկ, լինելով ՀՀ քաղաքացիներ, չունեն զինվորական գրքույկներ։

Այս լուրերը խուճապ են առաջացրել ջավախահայերի շրջանում, և նրանցից արտագնա աշխատանքի մեկնած շատերը վախենում են վերադառնալ։ Սա մեծագույն վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի ջավախեցի Հայաստան չի մտնի՝ այսպիսով սպառնալիք ստեղծելով Ջավախքն ինքնակամ վրացիներին հանձնելու հեռանկարի մասով։ Լուրեր են շրջանառվում նաև, որ 5000 ջավախահայ տղամարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից գտնվում են հետախուզման մեջ բանակից խուսափելու մեղադրանքով, իսկ 20 հոգու էլ արդեն ձերբակալել են նույն այդ մեղադրանքով»,- ահազանգել էր քաղաքացին։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի այդ օրերին քաղաքացու ահազանգ-նամակը պատկան մարմինների կողմից անուշադրության մատնվեց. Համապատասխան գերատեսչությունները լղոզված պատասխաններ տվեցին, իսկ ջավախահայերի խնդիրներով զբավող կազմակերպությունները ձայն անգամ չհանեցին՝ խուսափելով ԱԺ ընտրություններից առաջ ձայն բարձրացնել, որպեսզի գործող իշխանությունների գործողությունների դեմ որևէ բողոք չհնչի, որը կարող է վնասել նրանց ընտրվելուն։

Հիշեցնենք, որ «168 Ժամն» այս ահազանգի իսկությունը փորձել էր ճշտել ՀՀ Ոստիկանությունից, ապա՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, թե նման խնդրով զբաղվում է ՀՀ  քննչական կոմիտեն, քանի որ խոսքը վերաբերում է Քրօր 327 հոդվածին (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը)։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։ «Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում»,- ասել էր նա։

ՀՀ  քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատել էին, որ կան Ջավախքից քաղաքացիներ, որոնք խուսափել են բանակից, բայց հերքեցին, թե կան ձերբակալվածներ։

Եվ ահա, երեկվանից բողոքի ալիք է բարձրացել. Ջավախքից մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը՝ հանդիպում պահանջելով ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարսլյանը պատմել է, որ խնդիրն առաջացել է դեռևս նոյեմբերի 25-ից, երբ երկքաղաքացիություն կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախեցիներն արտագնա աշխատանքից վերադառնալիս Ռուսաստան-Հայաստան չվերթից հետո ՀՀ սահմանին բերման են ենթարկվել,  քննչական գործողություններ են կատարվել՝ բանակում ծառայած լինել-չլինելու հարցով, ապա ժամանակավոր ազատ արձակվել: Ավելին, նրանց սպառնացել են՝ եթե չծառայեն  ՀՀ բանակում, ապա 5 տարով կազատազրկվեն:

Gepostet von Андраник Карслян am Freitag, 14. Dezember 2018

«Ջավախքի երիտասարդությունը մտահոգ է: Նրանք, ովքեր ստացել են ՀՀ անձնագիր՝ չեն կարողանում հայրենիք վեադառնալ։ Ասում են, որ մարդիկ կամ պետք է 2 տարի ծառայեն, կամ 5 տարի ազատազրկվեն: Այս խնդիրը գլոբալ է, որովհետև վերաբերում է Ջավախքում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ստացած 70-80 տոկոս քաղաքացիներին: Եվ այդ հարցում մենք խնդրում ենք կառավարության աջակցությանը, որովհետև կան մարդիկ, որ ՌԴ արտագնա աշխատանքի են գնացել և հիմա վախենում են վերադառնալ, որովհետև կարող են նույն բախտին արժանանալ, ինչին արժանացել են 15 հոգի»,- պատմել է  Նինոծմինդայի բնակիչ Անդրանիկ Կարսլյանը:

«Հայ Վրացական սահմանում ջավախահայ երիտասարդները փակել են սահմանը՝ պահանջելով ՀՀ կառավարությանը՝ հանդիպել և լուծում տալ ՀՀ քաղաքացիություն ստացած ու այժմ հետախուզման մեջ գտնվող անձանց խնդիրներին։ Ակնկալելով դրական լուծում շատ սիրելի կառավարությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Կարսլյանը։

Կոնկրետ 4 անձանց մասին Ա. Կարսլյանն անձամբ տեղեկություն ունի, սակայն, ըստ նրա, սահմանին բերման ենթարկվողներն ավելի շատ են:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բողոքի ցույցին՝ ասաց. «Եթե անձնագիր են կրում, քաղաքացիություն են ստանում, պետք է պարտականություններն էլ կատարեն: Ես կողմ եմ, որ ծառայեն. իրենց համար էլ լավ կլինի»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ անդրադառնալով խնդրին՝ նկատեց. «Հիմա ուզում են ՀՀ քաղաքացիություն ստանալ ու չծառայե՞լ բանակում»:

Մեր հարցին՝ նրանք նաև Վրաստանի քաղաքացի են, այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու խնդիրը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Վրաստանում էլ չեն ծառայել, չէ՞»:

Նշենք, որ  2007 թվականին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել էր լրացում և 3.1 հոդվածում սահմանվել երկքաղաքացի համարվող ՀՀ քաղաքացիների զինապարտությունը: Համաձայն նշված հոդվածի պահանջների՝   ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից,եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը, ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից,անկախ այն հանգամանքից` ծառայե՞լ է նա այլ պետությունում, թե՞ ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից և վարժական հավաքներից:

Akhaltskha.Net-ի հետ զրույցում  Անդրանիկ Կարսլյանն ասել է. «Մեր խաղաղ հավաքի նպատակը սահմանի վրա այն էր, որ ՀՀ կառավարությունը ուշադրություն դարձնի այս հարցին: Բազմաթիվ մարդիկ են բախվում այս խնդրին, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատերը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար են ստացել ՀՀ քաղաքացիություն և այսօր վախենում են Ռուսաստանից Հայաստանով վերադառնալ Ջավախք, իսկ դիմացն ամանորյա տոներն են: Այս խնդրին պետք է շուտափույթ լուծում տալ, և պետք է ասեմ, որ մեր հավաքն ուղղված չէր ոչ Հայաստանի կառավարության դեմ և ոչ էլ թավշյա հեղափոխության դեմ, այլ ճիշտ հակառակը՝ մենք աջակից ենք եղել հեղափոխությանը, ուղղակի տվյալ հարցը չափազանց կարևոր խնդիր է ջավախքցիների համար, և մենք ստիպված այսօր հավաքվել էին ՀՀ սահմանի մոտ»։

Նա նաև տեղեկացրել է, որ ձևավորվել է հինգ հոգանոց խումբ, և այսօր նրանք հանդիպելու են ՀՀ կառավարության,  ոստիկանության ներկայացուցիչների հետ։  Հնարավոր է՝ նաև հանդիպում տեղի ունենա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

Անի Կարապետյան

Հ. Գ. Հոդվածը հրապարակելու պահին տեղեկություն տարածվեց, որ հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդները այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարլսյանը news.am-ին ասել է.

«Հանդիպել ենք պարոն Օսիպյանի հետ, քանի որ մեր հարցն ավելի շատ ոստիկանության տիրույթում է գտնվում։ Պարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է,  որ իրենք հետամուտ կլինի հարցի լուծմանը եւ աել են, որ երկուշաբթի մեզ պատասխան կտան։ Մենք կսպասենք մինչեւ երկուշաբթի, եթե պատասխան չլինի, մենք այդ ժամանակ կառավարությանը կդիմենք։ Առայժմ մենք կառավարությունում ոչ մեկի հետ չենք հանդիպի»։

Անդրանիկ Կարլսյանը նշեց, որ իրենք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները եւ սպասում են Ոստիկանության պատասխանին։ Դրանից հետո եթե պատասխանն իրենց չբավարարի իրենք կդիմեն Կառավարություն եւ կվերսկսեն բողոքի ակցիաները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս