«Ամբողջ թալանն ու չարիքն ինձ վերագրելը ստորություն էր». Կարեն Աղամյան
Դեկտեմբերի 15-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի կունենա միության համագումար և նախագահի ընտրություն։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե միության նախագահի պաշտոնում ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, քանի որ թեկնածությունն առաջադրում են հենց ընտրության օրը։ Չնայած այդ ամենին, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանն առաջադրելու է իր թեկնածությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Նկարիչների միության մի շարք անդամներ իրականացրել էին բողոքի ակցիա՝ պահանջելով Կարեն Աղամյանի հրաժարականը։ Ըստ նրանց, Կ. Աղամյանն միությունը ղեկավարել է ոչ թափանցիկ և թույլ է տվել չարաշահումներ։ Մի քանի օր տևած բողոքի ակցիան ավարտվեց, և Կարեն Աղամյանը շարունակեց պաշտոնավարել։
Հիշեցնենք նաև, որ դեռևս սեպտեմբերին 168.am-ի հետ զրույցում Կարեն Աղամյանը նշել էր, որ չի որոշել՝ միության նախագահի պաշտոնում կառաջադրի՞ իր թեկնածությունը, կամ առաջադրվելու և ընտրվելու դեպքում կշարունակի՞ ղեկավարել կառույցը:
«Միությունը ղեկավարում եմ արդեն քսան տարի և այս տարիների ընթացքում անձնական շատ բաներ եմ կորցրել, հետևաբար՝ դեռևս չեմ որոշել անելիքներս»,- ասել էր Կարեն Աղամյանը։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Կարեն Աղամյանն անդրադառնալով իր թեկնածությունն առաջադրելու հետ կապված լուրերին՝ նշեց, որ դեռևս չի որոշել առաջադրման մասին։
Հարցին, եթե առաջադրվի և ընտրվի, կշարունակի՞ պաշտոնավարել, Կ. Աղամյանը նշեց, որ այդ ամենը ցույց կտա համագումարի ընթացքը և միության անդամների մեծամասնության կողմնորոշումըԼ «Իմ որոշման հետ սա որոշակի առնչություն ունի։ Այն ծրագրերը, որոնք ես ունեմ, եթե լսենք, որ ինչ-որ մեկը կարող է իրականացնել, հաճույքով դուրս կգամ»,- ասաց Կ. Աղամյանը։
Ինչ վերաբերում է Նկարիչների միության որոշ անդամների դժգոհություններին, ապա Կարեն Աղամյանը նկատեց, որ չորս անգամ միությունում տեղի է ունեցել ընտրություն, և չորս անգամ էլ 80 տոկոսով ստացել է անդամների ձայները:
«Ո՞վ կարող է ասել, որ դժգոհ էին, դա որոշում է համագումարի մեծամասնությունը, 20 հոգի դժգոհություն հայտնելով՝ չպետք է բոլորին ամբողջացնենք։ Աշխատող մարդը չի կարող սխալներ թույլ չտալ, եթե ոչինչ չեն անում, սխալ էլ չեն անի»,- շեշտեց Նկարիչների միության նախագահը։
Անդրադառնալով ամիսներ առաջ իր դեմ քրեական գործի հարուցման փորձերին, Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ չորս ամսվա ընթացքում կարողացել է հավաքել այն փաստաթղթերը, որոնք ապացուցել են, որ այն, ինչի համար իրեն մեղադրում էին, եղել է մինչև 1998 թվականը, այսինքն՝ իր պաշտոնավարումից առաջ։ «Ամբողջ թալանն ու չարիքն ինձ վերագրելը ստորություն էր. այդ գործը կարճվել է»,- եզրափակեց Կարեն Աղամյանը։
Զվարթ Խաչատրյան