Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հաղորդագրությունից։

Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 27-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց բավարարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։

Օգոստոսի 13-ին  Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին, ու վերջինս ազատ արձակվեց։

Դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մասամբ բավարարվեց նոյեմբերի 15-ին, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել էր։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ։ Ռոբերտ Քոչարյանն այդ դատական նիստին ներկա չէր, սակայն չսպասելով քննիչի որոշմանը՝ ինքը ներկայացավ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուր և այժմ կրում է իր կալանքը։

 

Տեսանյութեր

Լրահոս