Բաժիններ՝

Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը կոչ է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը

Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (ԱՀՀ)՝ Ֆրանսիայի առաջատար արհմիություններից մեկը, անհրաժեշտ է համարում ավելացնել երկրում անցկացվող բողոքի ակցիաների թիվը: Այդ մասին հայտարարել է ԱՀՀ-ի ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է ավլացնել գործադուլների թիվը»,- ասել է Մարտինեզը, հաստատելով դեկտեմբերի 15-ին «դեղին բաճկոնավորների» հետ միասին ցույց կազմակերպելու ավելի վաղ հնչեցված կոչը: «Հարկավոր Է, որ ձեռնարկությունները գործադուլներ անցկացնեն այս շաբաթ»,- հայտարարել է նա: «Գիտեմ, որ դա դժվար է, քանի որ խոսքը փողին է վերաբերվում, բայց դա իշխանությունների վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցն է»,- նշել է ԱՀՀ-ի ղեկավարը:

Մինչդեռ Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը: «Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք է տեղի ունենան շաբաթ օրը, բայց մենք կոչ ենք անում բողոքողներին՝ խելամիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն: «Ցասումն արտահայտվել է, եւ այն լսել են: Էմանուել Մակրոնը պատասխանել է դրան,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը:- Այժմ երկխոսության եւ կարծիքների փոխանակման ժամանակն է»:

«Դեղին բաճկոնավորները» բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով: Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է  հազար եվրոյից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս