
«Մոսկվան ամեն ինչ կանի՝ փոխզիջման հասնելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար». Սերգեյ Լավրովը՝ Արցախի հիմնահարցի մասին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բաքվում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ ես շարունակական և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները:
«Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, սպասվում է կառավարության ձևավորումը, որից հետո, ես կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: