Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ստիպված են ևս երկու ամիս սպասել՝ մատնված լինելով պարապուրդի

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել:

– Գոնե ասեն՝ ժողովուրդ, վե՛րջ,  չի աշխատելու, գնացեք մի բան մտածեք, որ ձմեռվա բքին չկոտորվեք: Մարդիկ հուսահատված են,- 168.am-ի հետ զրույցում ասել էին գործարանի աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ շատերն առաջարկում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ «Վալլեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև տեղի ունեցած բանակցությունները կարծես թե արդյունք չեն տվել:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ  նկատի ունենալով, որ հիմա ընկերության ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդիում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռևս 3 տարի առաջ սկսած խորը և հանգամանալից ուսումնասիրությունները և կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և, հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա գործարանի աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծարելու մասին:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ արդյոք բավարարո՞ւմ է ընկերության այս որոշումը,  պղնձաձուլական գործարանի աշխատակիցները պատասխանեցին, որ արդեն հոգնել են, բայց ստիպված են ևս երկու ամիս սպասել՝ մատնված լինելով պարապուրդի:

Նրանք հույս ունեն, որ գոնե Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում կկարողանան աշխատել այնտեղ, բայց դա էլ չկա: Ասում են՝ շատ ժամանակ է պահանջվելու:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները մեզ հայտնել էին, որ  հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ  հոկտեմբերի 23-ից իրենք աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն էր:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս