
Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստների են ձերբակալել Ռամալլահում

Իսրայելցի զինվորականները լույս դեկտեմբերի 14-ի գիշերը 40 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում կատարված հատուկ գործողությունների ընթացքում, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության մեջ, նրանցից 37-ը ՀԱՄԱՍ արմատական շարժման ակտիվիստներ են: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում զինվորները գործել են Ռամալլահում՝ Ասաֆ խաչմերուկում (Ռամալլահի մերձակայքում) երեկվա գրոհից հետո, որտեղ սպանվել էին երկու զինծառայողներ եւ վիրավորվել եւս մեկ զինվոր ու քաղաքացիական անձ: Գիշերվա ընթացքում զինծառայողներն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության եւ սահմանապահ ոստիկանության աջակցությամբ բերման են ենթարկել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության, զանգվածային տեռորին ու անկարգություններին մասնակցության մեջ կասկածվող 40 պաղեստինցիների: Կասկածյալները, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստներ, հարցաքննությունների համար հանձնվել են անվտանգության ծառայությանը»,- ասված Է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: