
Ալժիրում ձերբակալվել է Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից եւս մեկը

Ալժիրի ոստիկանությունը բերման է ենթարկել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:
Նրա տվյալներով՝ 34-ամյա Սամի Շեկաթը գտնվում է առանձնապես վտանգավոր հանցագործների ցուցակում, եւ ոստիկանությունը կասկածում է, որ նա կարող էր անմիջական մասնակցություն ունենալ հարձակման նախապատրաստմանը: Նշվում է, որ Սամին Ալժիր էր մեկնել ողբերգական իրադարձություններից ոչ շատ առաջ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ , Շերիֆ Շեկաթի հայրն ու մայրը, ինչպես նաեւ երկու եղբայրները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ նա հրաձգություն սարքեց Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում: Le Parisien-ի տեղեկատվության համաձայն՝ նրա հարազատներից երեքը դեռեւս գտնվում են կալանքի տակ:
Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հինգերորդ մարդուն, որը, ինչպես ենթադրվում է, հարձակման իրագործումից անմիջապես առաջ իր բնակարանում թաքցնում էր Ստրասբուրգի հրաձիգին: Ինչպես արդեն տեղեկացվել է, Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:
Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում: Դա տեղի է ունեցել հարձակման վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: