ԵՄ-ի գագաթնաժողովը հավաստեց, որ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի
Եվրախորհուրդն իր եզրակացություններում հավաստել է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը։
«Միությունը պաշտպանում է այդ համաձայնագիրը եւ մտադիր է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չէ կրկնական բանակցություններին»,- ասված է եզրակացությունների տեքստում, որը դեկտեմբերի 13-ի երեկոյան տարածվել է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի նիստերի առաջին օրվանից հետո: Եվրախորհրդում հավաստել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու եւ այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:
Տեքստում նշվում է, որ ԵՄ-ն պնդում է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք Է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում: Եվրախորհուրդը նաեւ պատրաստակամություն է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ: Եվրախորհուրդը կոչ է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, լքելով նիստերի դահլիճը, որեւէ հայտարարություն չի արել լրագրողներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: