Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երեւան գալու եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են:

Ինչպես հիշում եք, ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ:

Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ:

Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Թերթի տեղեկություններով` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների, եւ Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել:

Ընդ որում` Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել եւս՝ իրենք են սխալ եղել ինչպես մարդկային, այնպես էլ իրավական տեսանկյունից, հետեւաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել:

Նաեւ որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երեւան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս