«Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելը չի եղել Սերժ Սարգսյանի որոշումը, դա եղել է բոլորիս որոշումը, ու թող որևէ մեկն իր ուսերից այդ պատասխանատվությունը չգցի». Էդուարդ Շարմազանով
«Այս 7 ամսվա մեջ ես համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է արել, որ մասնակցել է։ Դա չի եղել Սերժ Սարգսյանի որոշումը, դա եղել է բոլորիս որոշումը, ու թող որևէ մեկն իր ուսերից այդ պատասխանատվությունը չգցի։ Բոլորս էլ կողմ ենք քվեարկել։ Ու թող բոլորը հիշեն իրենց հարցազրույցները։ Բոլո՛րը…»,- aysor.am-ին տված իր հարցազրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե մամուլում եղած հրապարակումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, որ որոշ անդամներ այժմ դեմ են արտահայտվում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ս/թ ապրիլին առաջադրման փաստին, ու դրանում մեղադրել են նրան, որ հենց դա էր ժողովրդի դժգոհության պատճառը, ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ մամլո խոսնակը կարծում է, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ։
«Երբ Սերժ Սարգսյանն ասել է, որ չի առաջադրվելու, ինքն անկեղծ է եղել ու ազնիվ։ Բայց այն ժամանակ չէր եղել ապրիլյան պատերազմ, և դեռ չէր եղել «Սասնա ծռերի» տեռորիստական ակտ։ Իսկ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվեց, և մենք՝ Հանրապետականներս, որպես պառլամենտական մեծամասնություն, պետք է անվտանգության և պետության առաջնորդի ղեկը վստահեինք այն մարդուն, ով լավագույնս կարող էր այդ մարտահրավերներին դիմակայել։ Էդ որ ասում եք, թե ժողովուրդը միշտ ճիշտ է, ես դրա հետ համամիտ չեմ։ Կներեք համեմատության համար, բայց ժողովուրդը Քրիստոսին է մերժել, ժողովուրդը Ջորդանո Բրունոյին ու Կոպեռնիկոսին խարույկի վրա այրողներին է ծափահարել… Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որ նրան ենք առաջադրել վարչապետի պաշտոնում։ Պետության անվտանգությունն ավելի կարևոր էր։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել, սա այլ հարց է, բայց պետության շահերից էր բխում, որ ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերի» բունտից հետո պետության գերագույն հրամանատարը լինի մարդ, ով լավագույնս է տիրապետում Արցախյան հիմնահարցին։ Ես այժմ էլ մնում եմ իմ կարծիքին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։