
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը

Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը վտանգ է ներկայացնում, իսկ վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը չի կարելի գնահատել որպես սեփական անվտանգության ապահովման միջոց: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:
«Մեծ Բրիտանիան պաշտպանում է Իրանի հետ կնքված պատմական միջուկային գործարքը: Բայց իրանական հրթիռային ծրագրի շարունակվող զարգացումը սադրիչ է եւ վտանգ է ներկայացնում: Դեկտեմբերի 1-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումները եւ հետագա գործողությունները դուրս են եկել այն բանի շրջանակներից, ինչը կարող է բացատրվել պաշտպանական միջոցառումներով»,- ասված է Հանթի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի նախարարի կարծիքով՝ հրթիռի վերջին արձակումը եւ բոլոր նախորդները կատարվել են ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւի, որն Իրանին կոչ է անում չձեռնարկել գործողություններ՝ կապված բալիստիկ հրթիռային համակարգերի զարգացման հետ, որոնք ունակ են կրելու միջուկային լիցքեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: