Բաժիններ՝

«Այն սպառողները, որոնք բողոքում են, պետք է դիմեն մեզ՝ զանգահարեն կամ ուղարկեն էլեկտրոնային նամակ». «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի խոսնակը՝ բողոքող սպառողներին

Վերջին ամսվա ընթացքում մի շարք սպառողներ բողոքում են, որ նոյեմբեր ամսին սպառած ջրի դիմաց վճարել են բավականին կլորիկ գումար, այն դեպքում, երբ այդքան ջուր չեն օգտագործել: Նրանք պնդում են, որ հոկտեմբերին, երբ օգտագործել են գրեթե նույն քանակով ջուր, ավելի քիչ գումար են վճարել։

Ի դեպ, այս խնդիրը բարձրաձայնում են Երևանի տարբեր վարչական շրջաններում ապրող քաղաքացիներ։

168.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն անդրադառնալով այդ խնդրին՝ ասաց, որ խնդրին կարող է կոնկրետ պատասխանել, եթե բնակիչը ներկայացնի էպիկրիզ, այսինքն, թե որքա՞ն գումար է վճարել, ջրաչափի ցուցմունքը որքա՞ն է եղել, արդյո՞ք ընկերության աշխատակիցը ջրաչափի թիվը նկարե՞լ է, թե՞ ոչ, և այլն։

«Այս ամենից հետո կարող են շատ հանգամանքներ ի հայտ գալ։ Այն սպառողները, որոնք բողոքում են, որպեսզի իրենց հարցերին հստակ պատասխան ստանան, հասկանան, թե բողոքը որքանով է հիմնավորված, կամ ինչ խնդիր կա, նախ՝ պետք է դիմեն մեզ՝ զանգահարեն, գրանցվեն, և մենք կպաստասխանենք նրանց, կամ ուղարկեն էլեկտրոնային նամակ, եթե չեն ցանկանում այցելել մեր գրասենյակներ։ Հազար պատճառներ կարող են լինել, գուցե մեր տեսուչը չի այցելել տվյալ անձանց բնակարանները կամ նախորդ ամիս քիչ է գրել, իսկ այդ ամիսը երկուսը միասին գրել, հազար պատճառներ կարող է լինեն»,- նշեց ընկերության խոսնակը։

Նա նշեց, որ ընկերությունը սպասարկում է 550 հազար ակտիվի, հետևաբար՝ այդ մարդկանց մեջ միշտ էլ լինում են սպառողներ, որոնք տարբեր խնդիրներով դիմում են իրենց, որոնց մի մասը պատճառաբանված է լինում, մի մասը՝ ոչ։

«Ինչ գումար էլ վճարած լինեն՝ չի կորելու, այն պաշտոնապես մուտք է արվում մեր համակարգչային բազա, իսկ մեր տեսուչները, գործող օրենսդրության համաձայն՝ այցելում են սպառողի բնակարան, նկարահանում են ջրաչափերը, որի հիման վրա գոնե մի քանի ամիսը մեկ, մեր բազան ճշտում է այդ տվյալները։ Այնպես որ, խնդիրների դեպքում կոչ եմ անում դիմել մեր տարածքային տեսուչներին»,- նշեց Մ. Սարգսյանը։

«Իրազեկ և պաշտպանված» սպառող հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ջրաչափի գրանցած թիվը տեսնելով՝ սպառողը կարող է հասկանալ՝ սպառած ջրի դիմաց իր վճարած գումարը տեղի՞ն է, թե՞ ոչ։

«Գուցե խնդիրն այն է, որ ջրի տեսուչը պայմանական թիվ է գրել, առանց ջրաչափի թվին նայելու, այսինքն՝ տեսնելով, որ բնակիչը միջինն ամսական օգտագործում է 5 հազար դրամի ջուր, առանց հաշվիչին նայելու, ամեն ամիս այդքան է գրում։ Բայց իրականում, եթե մի օր տեսուչը գնա քաղաքացու բնակարան և տեսնի, որ նա օգտագործել է ոչ թե 5, այլ 8 հազար դրամի ջուր, ապա վերջին ցուցմունքով այդ ամիսների ավելցուկը գրում է։ Սակայն չի բացառվում, որ լինի այլ խնդիր, և նշված գումարը գոյացած լինի անհասկանալի պատճառներով»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։

Խնդրի բուն էությունը հասկանալու համար Բ. Պիպոյանն ընդգծեց, որ պետք է  տեսնել բոլոր ամիսներին ջրաչափի վրա հայտնված թվերը, բայցի այդ, պետք է հասկանան՝ արդյո՞ք ջրի հոսք չկա:

«Չի բացառվում, որ ջրաչափը լավ չի աշխատում և սխալ թվեր է գրում, այդ պատճառով էլ պետք է տեսուչի հետ միասին փորձեն հասկանալ խնդրի էությունը»,- նշեց Բ. Պիպոյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս