
11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը հաղթել է Տվերի մարզի «Տարվա մարդ» մրցույթում:
Փրկարարը հաղթող է ճանաչվել մրցույթի «Պատիվ եւ պարտականության» անվանակարգում՝ 11 մարդու կյանք փրկելու համար:
«Կարիքավորներին օգնելուց ավելի ազնիվ ոչինչ չկա: Ես հպարտ եմ, որ կարողանում եմ արդարացնել իմ ղեկավարների ակնկալիքները: Այնուամենայնիվ, երբեք միայնակ չես կարող որեւէ բան անել: Դու պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որին վստահում ես եւ ով քեզ է վստահում », – Մինասյանի խոսքերն է մեջբերում «Тверские ведомости»-ն:
Հայազգի հրշեջ-փրկարար Էրիկ Մինասյանը ծառայում է 2007 թվականից: Նա ղեկավարել եւ մասնակցել է ավելի քան 100 հրդեհների մարման գործին եւ անձամբ 11 մարդու կյանք է փրկել: Մինասյանը պարգեւատրվել է « Փայլուն ծառայության » III աստիճանի մեդալով: