Բաժիններ՝

Արդյո՞ք ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականը կհանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիում ս․թ․ դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։

Ըստ մամուլի հրապարակումների, Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Միաժամանակ մամուլով տեղեկություններ են հաղորդվում, որ ձերբակալված ռուս զինծառայողը գտնվում է ռուսական ռազմաբազայում, ինչը նշանակում է, որ նա միինչ օրս չի հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին։

Ակնհայտ է, որ նշված հանցագործության հետևանքով քրեական գործի նախաքննությունը պետք է իրականացվի ՀՀ համապատասխան մարմինների կողմից, և նշված ռուս զինծառայողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պատիժը կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ հետևյալ պատճառաբանությամբ․

1․ Նշված հարցը հստակորեն կարգավորված է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 և 1997 թթ-ին կնքված ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով:

2․ Այդ համաձայանգրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

3․Բացառաությունները սահմանված են նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով, ըստ որի`
ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,
բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
գ) կատարվել է զինվորական հանցագործություն:

Հասկանալի է, որ համաձայնագրով ամրագրված բացառություններից որևէ մեկը այս ողբերգության դեպքում առկա չէ:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ ռուս զինվորականը գտնվում է ռուսական ռազմաբազայում, որևէ կասկած չկա, որ ռուսական կողմը, ինչպես Վ․ Պերմյակովի դեպքում, այս դեպքում նույնպես հղում է կատարելու ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը…

Ինձ մոտ միշտ տարակուսելի է եղել այն հանգամանքը, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ունի և ի՞նչ իրավազորություն ունի անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը…

Եթե նույն խնդիրն առաջանա նաև այս դեպքում, և ռուսական կողմը հրաժարվի հանձնել այդ զինվորականին ՀՀ իրավապա մարմիններին, իսկապես հարց կառաջանա, թե ինչո՞ւ մինչ օրս Վ․ Պերմյակովի կողմից իրականացված ոճրագործությունից հետո ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ռուսաստանի հետ կնքված վերը նշված համաձայնագրերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի այլև երբեք այսպիսի անպատվաբեր խնդրի առաջ չկանգնենք։

Ստացվում է, որ մեր երկրի տարածքում կարող է իրականացվել հանցագործություն, սակայն Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, չկարողանա լիարժեքորեն իրականացնել իր իրավասությունները որևէ հանցագործի քրեական պատասխանատվության ենթարկելու գործում։

Մեր պատմությունից ինչո՞ւ դասեր չենք քաղում․․․»:

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍԱԿԱՆ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ…

Gepostet von Norayr Norikyan am Mittwoch, 12. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս