«Գերքաղաքականացված իրավիճակից ազատվելու համար շատերը Ֆեյսբուքից «արտագաղթել» են Ինստագրամ». Մեդիա փորձագետ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, չնայած նախընտրական քարոզարշավի համար հատկացվել էր շատ կարճ ժամանակ, սակայն որոշ քաղաքական ուժերի համար քարոզարշավը փաստացի սկսվել էր դեռ ապրիլ ամսից։ Այդ պատճառով էլ նորաստեղծ քաղաքական ուժերը հայտնվել էին ծանր պայմաններում, քանի որ հանրության համար ճանաչելի դառնալու խնդիր ունեին։
Ըստ նրա, քարոզարշավի կարճ ժամանակահատվածը և ֆինանսական ոչ անսահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով՝ նախընտրական քարոզարշավի հիմնական շեշտը դրվեց համացանցում նախընտրական քարոզչություն իրականացնելու վրա։
«Այս անգամ աննախադեպ ռեսուրսներ օգտագործվեցին հենց ցանցային գովազդի վրա։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես աչքի ընկան նրանով, որ գումարներ էր ծախսվում, ընդ որում՝ մի շարք ռեյտինգային թեկնածուներ սկսեցին իրենց գովազդի վրա ծախսել։ Սակայն նախորդ տարվա քարոզարշավն աչքի ընկավ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով, հաճախ էին լինում դեպքեր, երբ ինչ-որ տաքսի ծառայություն սոցիալական ցանցում տեղադրում էր որևէ ռեյտինգային թեկնածուի գովազդ, ով ինչպես կարողանում էր՝ «տնավարի» այդ ամենն անում էր։ Այս անգամ այլ էր, առաջին հերթին՝ հենց քաղաքական ուժերը մեծ բյուջե ներդրեցին այս ամենի վրա, և գովազդ տեղադրվեց գրեթե բոլոր հարթակներում, որոնք շատ դեպքերում նախկինում չէին օգտագործում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով՝ այս քարոզարշավի ընթացքում գովազդներ էին տեղադրվել նաև «Google» որոնողական համակարգի վրա, որի շնորհիվ շատերը նույնիսկ հեռախոսով խաղեր խաղալիս՝ տեսնում էին քաղաքական գովազդներ։
Սակայն քաղաքական ուժերն ամենամեծ ծախսերն արել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, քանի որ, Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ այն շարունակում է մնալ հիմնական քաղաքական գործիքը։
«Այս անգամ յուրահատկություն այն էր, որ ռեյտինգային թեկնածուների քանակը շատ էր, և փաստացի հարյուրավոր ռեյտինգային թեկնածուներ ինքնուրույն անցկացնում էին իրենց քարոզարշավը՝ Ֆեյսբուքում վճարովի գովազդներ տեղադրելով, ինչը բերեց Ֆեյսբուքում հայաստանյան գների աճի՝ մոտավորապես 50 տոկոսով, ինչը ոչ անմիջական, բայց հարված է փոքր բիզնեսին, որոնք այդ ցանցն օգտագործում էին իրենց առաջընթացի համար»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը և ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ օգտատերեր ուղղակի դուրս են եկել Ֆեյսբուքից, որոնք արդեն հոգնել էին քաղաքական թեմաներից, և միտումներ են նկատվում «արտագաղթի» դեպի Ինստագրամ՝գերքաղաքականացված իրավիճակից ազատվելու համար։
Մեդիափորձագետի կարծիքով՝ այս քարոզարշավի ընթացքում արտաքին ազդեցություն չկար։ Նախկինում ադրբեջանական քարոզչական մեծ խումբ կար, որը փորձում էր մտնել հայաստանյան թեմաների մեջ, սակայն այս անգամ այդ քարոզչությունը չկար։ Պասիվ են եղել նաև ռուսաստանյան ֆեյքերը։
Զվարթ Խաչատրյան



