Բաժիններ՝

Մեյն ընդունում է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ: Համապատասխան հայտարարությամբ Մեյը դեկտեմբերի 12-ին հանդես է եկել Դաունինգ-սթրիթում վարչապետական նստավայրի առջեւ կայացած մամուլի ասուլիսում։

«(Խորհրդարանական կոմիտեի ղեկավար) Գրեմ Բրեյդին հավաստել է, որ 48 նամակ է ստացել պահպանողական խորհրդարանականներից, ինչը գործարկել է Պահպանողական կուսակցության ներսում իմ նկատմամբ վստահության շուրջ քվեարկության ընթացակարգը,- ասել է Մեյը:- Ես մինչեւ վերջ պայքարելու եմ անվստահության քվեի դեմ»: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ընդունում է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը: Մեյը հավելել է, որ իր պաշտոնաթողությունը կարող է ձգձգել կամ նույնիսկ չեղարկել Brexit-ը:

Նա նաեւ հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Իռլանդիա ուղեւորությունը, որպեսզի մասնակցի վստահույթան քվեի շուրջ քվեարկությանը: Կանոններին համապատասխան՝ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով ժամ-ը 22:00-24:00) ընկած հատվածում: Ձայների հաշվարկը կանցկացվի քվեարկությունից անմիջապես հետո, եւ արդյունքները կհայտարարվեն նույն օրվա երեկոյան: Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ:

Իր պաշտոնը պահելու համար Մեյին բավարար կլինի ապահովել ձայների պարզ մեծամասություն՝ առնվազն 158 ձայն, ինչից հետո նա այդ ընթացակարգի կրկնվելուց պաշտպանված կլինի առնվազն մեկ տարվա ընթացքում: Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությանը հարկ կլինի ընտրել նոր ղեկավար, ինչին երեք ամիս է հատկացված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս