«Լրատվամիջոցների աշխատանքների խոչընդոտման այս տեսակը նախկինում տարածված չէր». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայաստանյան բոլոր լրատվամիջոցները պետք է համախմբվեն և իրենց խոսքն ասեն իրավապահների այն գործողությունների վերաբերյալ, որոնք իրականացվում են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել էին Aysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրությունը։ Որոշ ժամանակ անց իրավապահներն այցել էին News.am-ի խմբագրություն, իսկ ամիսներ առաջ էլ՝ Yerevan.today-ի խմբագրություն, որտեղից տարել էին տեխնիկան, որը մինչ օրս չեն վերադարձրել։

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների համախմբվածությունն այս հարցում անպայման պետք է, հատկապես, որ քաղաքական հակամարտության շրջանից դուրս ենք գալիս, այստեղ կարևոր է պրոֆեսիոնալ համերաշխությունը։ Եվ անկախ նրանից՝ ինչպիսի դաշտում են նրան, պետք է միավորվեն և բոլորը նույն դիրքորոշման լինեն»,- նշեց Բ. Նավասարդյանը։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե լրատվամիջոցների դեմ կիրառվող այս մեթոդները հնարավո՞ր է շարունակվեն նաև հետընտրական Հայաստանում, Բորիս Նավասարդյանը դժվարացավ պատասխանել, սակայն այդ հարցում լրատվամիջոցների համախմբվածությունը և նրանց ուղերձն իշխանություններին, ըստ նրա՝ կարևոր է, որը պետք է բացառի այդպիսի գործողություններ իրավապահ մարմինների կողմից, ինչը պետք է շատ հստակ հնչի։

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, որ առանձին հանդիպումներում տարբեր լրագրողներ այդ հարցերը բարձրացնում էին, մյուսները լռում էին։ Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որ բոլորը նույն ձայնով  խոսեն, քանի որ սա որևէ մեկի համար պետք է ընդունելի չլինի։ Որովհետև այսօր որքան էլ իշխանություններին աջակցողների դաշտում և ճամբարում գործեն լրատվամիջոցները, նրանց համար ամենակարևորը պետք է լինի, որպես լրատվամիջոցի՝ չեզոք և մարդու իրավունքներին նպաստող գործողությունները։

Եթե վերլուծենք, ապա լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքների խոչընդոտման այս տեսակը նախկինում տարածված չէր, նախկինում սովորաբար տեսնում էինք տարբեր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնություններ, հետագայում՝ դրանց հետաքննության բացակայություն, այսօր սա նոր երևույթ է, և չպետք է թույլ տանք, որ այն արմատական բնույթ ստանա»,- շեշտեց Բորիս Նավասարդյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս