Չինացիներն ամերիկյան ապրանքները բոյկոտելու կոչ են անում
Կանադայում Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ սպառնում է վերաճել բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների բոյկոտի։
«Աճող լարվածությունը Չինաստանի որոշ ֆիրմաների եւ քաղաքացիների դրդում է ամերիկյան ապրանքների բոյկոտի»,- դեկտեմբերի 11-ին գրում է Պեկինի Global Times թերթը: Որպես օրինակ հրատարակությունը բերում է այն հայտարարությունը, որը հրապարակել է երկրի հարավի Շենչժենում գտնվող Menpad ընկերությունը, որն զբաղվում է զանազան «խելացի» սարքերի թողարկմամբ:
Ընկերությունը հայտարարել է, որ այսուհետեւ «ի նշան Huawei-ի պաշտպանության» գերադասությունը կտա այդ արտադրողի չիպերին, ինչպես նաեւ իր աշխատակիցներին կվճարի Huawei-ի արտադրության շարժական հեռախոսների արժեքի 15 տոկոսը, որոնք նրանք ձեռք կբերեն անձնական օգտագործման համար: Իսկ այն աշխատակիցներին, որոնց կնկատեն Apple-ի շարժական հեռախոսը ձեռքներին, «կպատժեն» բջջային կապի ամերիկյան հեռախոսի շուկայական արժեքի չափով տուգանքով:
Նաեւ Menpad-ը հրաժարվում է գնել ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Apple-ը բոյկոտելու շարժումը թափ է առնում նաեւ չինական սոցցանցերում, որտեղ ավելի ու ավելի հաճախակի են հայտնվում համապատասխան գրառումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: