«Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը». Արմեն Բադալյան
««Իմ քայլը» դաշինքի 70 տոկոսը ստացել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե այդ դաշինքը։ Եթե հանում ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ մի գաղափարախոսություն չունի։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» չափավոր արևմտամետ է ընկալվում, բայց «Իմ քայլը» ոչ մի բան չի ընկալվում։ Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նա նշեց, որ հայտնի չէ, թե «Իմ քայլը» դաշինքն այս կամ այն ոլորտում ինչ է անելու. «Դա կոնկրետ մեկ մարդուն տված ձայն է։ Սա փաստ է»։
«Իմ քայլը» դաշինքում, ըստ նրա՝ թեև քիչ, բայց կան կադրեր, որոնք կարող են հաջող նախարարական գործունեություն իրականացնել։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե վարչապետն ինչ պատկերացում ունի ապագայի վերաբերյալ. դա ներկայացված չէ կոնցեպտուալ տեսակետից։ Այո, ինչ-որ բաներ հնչեցվել են, որ հարկային բնագավառում այսինչ օրենքները պետք է փոխվեն, եկամտահարկը իջեցվի, բայց վարչապետի կողմից չի նշվել արտաքին քաղաքականության հայեցակարգը, որը պետք է փաստաթղթով նշվի, որպեսզի փաստաթուղթը կարդանք, ինչ-որ հարցեր հնչեցնենք։
Չկա անվտանգության հայեցակարգ, քննարկումներ գնում են՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի՞, թե՞ չի լինի Հայաստանի թեկնածուն, բայց կոնկրետ ՀԱՊԿ-ը ինչ նշանակություն ունի մեզ համար, չկա։ Չկա տնտեսության զարգացման հայեցակարգ, չկա որևէ այլ հայեցակարգ։ Քանի դրանք չկան, չենք կարող ասել՝ այդ կադրը լավն է, թե վատն է, որովհետև չգիտենք՝ այդ կադրը ինչ է անելու։ Ասենք՝ իքսին նշանակեցին ԿԳ նախարար, ես ո՞նց իմանամ՝ ինքը լա՞վ կադր է, թե՞ վատը, եթե չգիտեմ՝ ինչ է անելու։ Սա է խնդիրը»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում