«Եթե Միլանի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարարի սրտով է՝ չի կարող լավ լինել Հայաստանի համար»

«Երբ «Սասնա ծռեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ Արցախի հարցում եթե լինեն որոշակի զիջումներ, ապա միակ ուժն ինքն է լինելու, որը կոշտ կարձագանքի, նկատի ուներ, որ «Սասնա ծռերի» ներկայությունը խորհրդարանում հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալ Արցախի հարցում հենց այն պատճառով, որ «Սասնա ծռերը» կլիներ ավելի կոշտ։ Վստահեցնում եմ, որ այժմ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չեն լինելու ավելի կոշտ, ինչը նշանակում է, որ հարվածն իր վրա վերցնելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ դրսից այդ հարվածը լինելու է»,- 168.amի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը։

Անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, Արա Պապյանը նկատեց՝ եթե այդ հանդիպումը Մամեդյարովը գովում է, ապա խիստ կասկածում է, որ այն Հայաստանի համար լավ է։

Հիշեցնենք, որ Միլանի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ բանակցությունները, որոնք տևել են երեք ժամ, կարևոր և օգտակար են եղել՝ կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու համար։

Նա նաև նշել էր, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ բանակցությունները նույն ձևաչափով շարունակելու նաև առաջիկայում, և, ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կլինի հաջորդ տարվա հունվարին։

Կարդացեք նաև

«Սասնա ծռերը» և ես դեմ ենք Արցախի հարցի լուծման այն սկզբունքին, որն ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներում», ինչը ենթադրում է ազատագրված 7 շրջանների հանձնում, ինչին, բնականաբար, դեմ ենք ոչ թե այն պատճառով, որ ասում են, թե «Սասնա ծռերը» պատերազմի կուսակցություն են, ընդհակառակը՝ խաղաղության կուսակցություն են, այլ «Սասնա ծռերը» հասկանում են, եթե այդ շրջանները զիջեն, ապա պատերազմը դառնում է ավելի կործանիչ, որովհետև մեր դիրքերը դառնում են խոցելի»»,- նշեց Արա պապյանը։

Նրա կարծիքով՝ ոչ  միայն «Սասնա ծռերը», այլև շատ քաղաքական ուժեր և անհատներ գիտակցում են այդ ամենը և պայքարելու են։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի համար անվտանգության հարցը շատ կարևոր է, որովհետև կարելի է պայքարել կոռուպցիայի  դեմ, զարգացնել երկրի տնտեսությունը, բայց եթե չեն լուծվում երկրի անվտանգության հարցերը, ապա ցանկացած պատերազմ ի չիք է դարձնում բոլոր առաջընթացները։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս