
Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրված ընտրախախտումների թիվն էապես նվազել է։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24-ի դրությամս՝ ստացվել է 51 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ Քննչական կոմիտեն ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, ստացվել էր 197 հաղորդում։
Ահազանգերով առաջատարն էր Երեւանը՝ 68 հաղորդում, 16-ն ստացվել էր՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերում։