«Ես շուտով որոշում կկայացնեմ». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կընդունի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի թեկնածության վերաբերյալ: Նրա խոսքով՝ այն տեղեկատվությունը, թե թեկնածուն կլինի ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս զանգվածային լրատվամիջոցները»:
Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան գրությունը դեկտեմբերի 9-ին զետեղել է Twitter ցանցի իր էջում։
«Ես այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածու ընտրելու գործընթացի մեջ եմ եւ խոսում եմ մի քանի իրոք հիանալի մարդկանց հետ: Ես շուտով որոշում կկայացնեմ»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփն Այերսի հետ քննարկում է այդ պաշտոնում նրա նշանակման հարցը եւ ցանկանում է որ վերջինս պաշտոնավարի առնվազն երկու տարվա ընթացքում, սակայն Այերսն ընտանեկան պատճառներով չի կարողացել խոստանալ, որ կընդունի այդ առաջարկությունը:
Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ըստ որում ընդգծել է, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: