
«Նախորդ ընտրությունների համեմատ կար երկու էական տարբերություն». Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանի համոզմամբ, դատելով տարբեր շտաբներից ստացված արձագանքներից, մամուլում եղած տեղեկատվությունից, կայացել են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Միրզոյանը նշեց «Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով` նախորդ ընտրությունների համեմատ կար երկու էական տարբերություն` չեն եղել ընտրողների կամարտահայտման վրա ապօրինի ճնշումներ և ընտրությունների վրա ազդեցություն ներգործելու համակարգված փորձեր:
«Ինչ խոսք, մամուլում հայտնվել է հատվածական, դիպվածային 1-2 տեղեկատվություն՝ հիմնականում ընտրատեղամասերի շուրջ կուտակումների վերաբերյալ, և իրավապահ համակարգի օգնության շնորհիվ այս հարցերը օպերատիվ լուծվել են: Սա, կարծում եմ, երկրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում էր նրան, ինչին կոչված էր ընտրությունների օրը»,- ասաց նա: