«Մի քիչ վախենում է, տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ չի հերիքի». Դավիթ Շահնազարյան
«Վանեցյանը հայտարարեց, որ իրենք միտք և հիմք չունեն՝ ինձ բերման ենթարկելու։ Առաջին՝ պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ իրենք նման միտք ունե՞ն, թե՞ ոչ, կամ նման հիմք ունեն, թե չունեն։ Դա ինքը չի որոշում, դա բացառապես Փաշինյանն է որոշում։ Ուրիշ բան, որ իրեն դեռևս տեղյակ չի պահել»,- թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու որևէ հիմք չկա։
Շահնազարյանը կասկած չունի, որ Փաշինյանն իրեն բերման ենթարկելու երազանք ունի.
«Բայց մի քիչ վախենում է։ Տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ չի հերիքի։ Ինքն իրենից էլ է արդեն վախենում։ Վանեցյանը նաև ասել է, որ ես մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց հիմքեր չկան։ Ես հայտարարել եմ, որ Փաշինյանն իրականացնում է իշխանություն՝ Արցախի դիմաց քաղաքականություն, և իմ ասուլիսում դեկտեմբերի 4-ին շատ մանրամասն ներկայացրել եմ այն փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ ասածը։ Ես իրավական մեղադրանք Փաշինյանին այդ առումով չեմ ներկայացրել։
Հիմա, ինքն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ, հետաքրքիր հոդված է ինքն իր վրա դրել։ Նման տարրեր, հավանաբար, ԱԱԾ-ն է տեսել։ ԱԱԾ-ն շատ օպերատիվ է կատարում Փաշինյանի հրահանգները, որովհետև երբ նա հայտարարեց, որ ինձնով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, այդ երեկոյան ԱԱԾ երկու սպա այցելեցին ինձ»։