«Դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին». Նաիրա Զոհրաբյանը՝ Հունան Պողոսյանին

«Սյունիքի և Վայոց Ձորի ընտրական տեղամասերում ընտրությունները հիմնականում ընթանում են խաղաղ, ակտիվությունը նույնքան է, որքան ՀՀ բոլոր տեղամասերում. առանձնակի ակտիվություն չկա»,- այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, բոլոր քաղաքապետերին ու համայնքապետերին, ովքեր բացահայտ ուղղորդում են բնակիչներին՝ գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուներին։ Պարոն Պողոսյան, դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք նույնքան հավատարմորեն ծառայել եք Սերժ Սարգսյանին, հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել ձեզ՝ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին և հրահանգել աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ ԿԸՀ նախագահի և կառավարության ուշադրությունն է հրավիրում Սյունիքի մարզպետի գործունեության վրա։

«Չեմ ուզում կոպիտ ձևակերպում հնչեցնել, բայց եթե դուք մտածում եք՝ կարողանալու եք առավելագույն քվե ապահովելով, ձեր աշխատանքով պահպանել ձեր աթոռը, ապա ես հավատում եմ, որ այն, ինչ Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանը, որ որևէ ուղղորդված քվե իրեն պետք չէ, և որևէ մեկի մտքով չանցնի, որ ընտրողներին ուղղորդելով պահելու են իրենց աթոռը, ես ուզում եմ հավատալ, որ վարչապետն իրավացի է»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս