Տաթևի համայնքապետը հերքում է՝ ընտրողներին որևէ կերպ չի ուղղորդել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում մարզպետը, համայնքապետերն ուղղորդում են ընտրողներին, մասնավորապես՝ Տաթև համայնքի ղեկավարը լուրջ վարչական «պրեսինգով» ուղղորդում է համայնքի բնակիչներին՝ քվեարկելու «Իմ քայլի» թեկնածուների օգտին։

168.am-ի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում  իրականությանը։
«Տաթև համայնքի մեջ մտնում են 8 գյուղեր, թող ասի, թե որ գյուղում է կոնկրետ նման բան նկատել։ Նման բան չկա, եթե որևէ մեկը կգա և իմ մոտ կասի, որ այդ քայլին գնացել եմ, ապա իմ քայլերի համար պատասխանատու եմ»,- ասաց Տաթևի համայնքապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ Տաթև գյուղից որևէ տեղ չի գնացել, չգիտի, թե ինչպես են ընթանում ընտրությունները. «Իմ քաղաքացիական պարտքը քիչ առաջ եմ կատարել, դուրս եմ եկել ու ժողովրդի հետ քննարկում եմ խմելու ջրի հետ կապված հարցեր։ Ով ժողովրդին ուղղորդում է, գլուխը քարին է տալիս, նման բան չի կարող լինել»,- եզրափակեց Մուրադ Սիմոնյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս