Հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին. «Անկախ դիտորդ»
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:
2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:
Ժամը 13:00 դրությամբ
Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:
Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հերավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ: