Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին
«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել և, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, դրանք ցույց են տալիս, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է և, ես համոզված եմ, որ իրական պատկերն ըստ էության բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, թե Փաշինյանն է Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը և նա է կրում սպանությունների պատասխանատվությունը։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ և այդպես շարունակ։
Հարցին՝ ինչպե՞ս կարող էր նախագահը պաշտոնավարել 40-ից ավելի օր և տեղյակ չլինել 0038 հրամանի մասին, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես կիսում եմ ձեր կարծիքը»։
Անդրադառնալով գաղտնալսմանն ու դատարանին ցուցումներ տալու մեղադրանքներին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց. «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Քոչարյանի դատավարության գործով, և այդ հեռախոսազրույցների՝ դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, և հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»։