Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված
Ընտրատեղամասերում քաղաքացիների գրանցման, տվյալների մուտքագրման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում: Տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներին օպերատիվ կերպով լուծում է տրվում: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
«Ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային կենտրոններում գործարկվում են 4000 տեխնիկական սարքավորումներ: Ընդհանուր առմամբ 572 տեղամասում գործարկվում է մեկ տեխնիկական սարքավորում, 850-ում երկու սարքավորումներով են աշխատում, իսկ 576 տեղամասում` երեք սարքավորումներով: Այսօր առավոտյան ժամը յոթից սկսած տեխնիկական սարքավորումների ստուգման աշխատանքներ են իրականացվել, մինչ այս պահը 13 տեխնիկական սարքավորում փոխարինվել է տեխնիկական պատճառներով: Տպիչների հետ կապված ևս որոշակի խնդիրներ են եղել: Խնդիրներ դեռևս ծագում են ընտրողների անձը հաստատող փաստաթղերի հետ: Շատ դեպքերում հատկապես գյուղական համայնքներում փաստաթղթի համար ստեղնաշարով մուտքագրման խնդիր է առաջանում: Դա կապված է լինում նաև անձը հաստատող փաստաթղթի մաշվածության հետ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ունենք նաև սարքերի կարմիր ազդանշանով արձանագրման դեպքեր, որը բացառապես տեխնիկական բնույթ է կրում: Դա հիմնականում զորամասի ցուցակով քվեարկողների զինծառայողների մասով է: «Զուտ թյուրիմացության արդյունքում, թիվը սխալ հայտնելու արդյունքում ունեցել ենք կարմիր ազդանշան: Բոլոր նման դեպքերը գրառվել են հանձնաժողովի գրանցամատյանում: Քանի որ արձանագրել են, որ դա պարզապես տեխնիկական խնդրի պատճառով, թույլ են տվել ընտրողներին մասնակցել քվեարկության: Զինծառայողների անձը հաստատող փաստաթուղթը պարունակում է լուսանկար, և ակնհայտ է եղել, որ կարմիր ազդանշանը կրել է բացառապես տեխնիկական սխալի արդյունք»,-նշեց Հովհանիսյանը:
Նա ասաց նաև, որ երբեմն մատնահետքերը ևս չեն ընթերցվում, դա պայմանավորված է էլեկտրական վիճակով: Խնդիրներին տրվում են լուծումներ: