
Ոստիկանությունը մերժել է վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու 57 քաղաքացու դիմում

Հ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:
«ԸՕ-ի համապատասխան հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին ստացվել են 2230 դիմումներ: Հաշվի առնելով, որ տարածքային անձնագրային ծառայությունները հագեցած չեն Հանրապետություն մուտք գործելու և դուրս գալու հանգամանքը ստուգելու ծրագրային համակարգով, տարածքային ծառայություններում ստացած նման բոլոր դիմումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում 57 քաղաքացիների դիմումներ մերժվել են օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով: Դրանցից մեկը բողոքարկվել է դատական կարգով: Դատարանի կողմից հայցը չի բավարարվել` տեղեկանք տրամադրելու մասով»,-ասաց Բիչախչյանը:
Նրա խոսքով` ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը` ոստիկանությունը: Բիչախչյանը տեղեկաց րեց, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու եղանակով, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ ազգային ժողովի ընտրություններում չեն կարող մասնակցել քվեարկության:
Նա վստահեցրեց, որ իրենց վարչություն ստացված ոչ մի հաղորդում չի մնացել անպատասխան: