
Զոհված օդաչուների աճյուններն ամփոփվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչք իրականացնող զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի օդաչուների հուղարկավորության արարողությունը:
Հուղարկավորության արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանիզինծառայողներ, զոհված օդաչուների մարտական ընկերներն ու հարազատները։ Հոգեհանգստյան կարգն անցկացրել է զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հարազատներին ու մարտական ընկերներին ցավակցական խոսք է հղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։