
Խոսակցությունների բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է. ԱԱԾ տնօրենը՝ գաղտնալսված հեռախոսազրույցների նոր հրապարակման մասին

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ իր ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցները մոնտաժված են և ներկայացված ընտրովի: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում ԱԱԾ տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ գաղտնալսման հետ կապված, խոստանալով, որ բոլոր հարցերի կպատասխանի դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Միաժամանակ, նա նշեց, որ քննության ընթացքում իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի ամբողջական տարբերակը կներկայացվի հանրությանը:
«Կարող եմ հավաստիացնել, որ գաղտնալսումները ներկայացված են ընտրովի՝ մոնտաժված են: Դա քննությունը կապացուցի: Դա մի փաստ է, որը անհերքելի է: Քննության ընթացքում կպարզվի, թե քանի անգամ և քանի րոպեանոց խոսակցություններ եմ ունեցել վարչապետի հետ և Հատուկ քննչական ծառայության պետի հետ: Կարծում եմ, դա կներկայացվի նաև հանրությանը»,- ընդգծեց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը սպասելի էր համարում գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը:
«Խոսակցությունը գաղտնիք չէր՝ մենք պատկերացնում էինք, որ նմանատիպ խոսակցության երկրորդ մասը լինելու էր, ինչի մասին ՀՀ վարչապետը Ազգային Ժողովի ամբիոնից շատ մանրակրկիտ պատմել և ներկայացրել էր»,- նկատեց նա:
Ըստ Վանեցյանի՝ մոնտաժման արդյունքում խոսակցության բովանդակությունը ամբողջությամբ փոխվել է:
«Այս պահին մանրամասնությունների մեջ չեմ ցանկանում մտնել: Դեկտեմբերի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը լրագրողների հետ՝ նույն ֆորմատով, որ եղավ առաջին հանդիպումը, որտեղ ներկայացնելու ենք մեր նոր կայքը, ԱԱԾ-ի 100-ամյակին նվիրված տեսաֆիլմը: Դրա շրջանակներում նաև պատասխանելու եմ լրագրողների հարցերին»,- եզրափակեց Վանեցյանը: