
ՀՔԾ-ն դեռևս չի ստացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը

Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Երբ ՀՔԾ-ն ստանա դատարանի որոշումը, կուղարկի կատարման»,- ասաց Օհանջանյանը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: