«Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդագրություն տալու, ուրեմն շառլատան է». Փաշինյան

«Մեզ մեղադրում են ինչ-ինչ ուժերի հետ դավադրություն կատարելու մեջ՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի: Իսկ ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն: Պետք է նյութեր նախապատրաստի: Եթե հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա բոլոր դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի ու ներկայացնի մարդկանց՝ հայտնելով, որ երկրում դավադիրներ կան: Հրապարակային, ասուլիսներով թող ասեն, թե այդ ի՞նչ դավադրություններ են, ովքե՞ր են անողները: Մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա՞ դավադրություն, թե՞ հստակ ստախոսություն է: Եթե քաղաքական հայտարարություն են սա անվանում, ես էլ չեմ ուզում նման հայտարարություն անել ու ասել, որ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են, ինչպես ասել եմ՝ դավադիր պատերազմի հրձիգներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված ասուլիսում    ԱԱԾ նախկին ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հասցեին։ «Իշխանություն՝ Արցախի փոխարեն»,- այսպես էր բնութագրել Շահնազարյանը Փաշինյանի գործողությունները։ Ն. Փաշինյանը ԱԱԾ մարմիններին կոչ արեց նման հայտարարություններ կատարողներին հրավիրել ԱԱԾ։

ԱԱԾ-ն այսօր հայտարարություն տարածեց՝ Դ. Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ, որից հետո Շահնազարյանը հանդես եկավ ասուլիս-հայտարարությամբ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց նման հայտարարություն անողներին գնալ ու իրավապահներին հաղորդագրություն տալ:

«Հայտարարություն են անում, թե Կառավարությունը պատրաստվում է կամ ունի դավադրություն՝ ընդդեմ Արցախի: Սա կոնկրետ պետական դավաճանության մեղադրանք է: Եվ, եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդագրություն տալու, ուրեմն շառլատան է: ԱԱԾ-ում հարցաքննությունները շարունակվելու են, ու հանկարծ եթե պարզվի, որ մեր երկրի ու Արցախի նկատմամբ դավադրություն ենք անում, ԱԱԾ-ն արագ պետք է քրեական գործ հարուցի ու մեզ ձերբակալի: Հետևաբար, ԱԱԾ հրավիրվել են նրանք, ովքեր ասում են, որ դավադրություն կա. թող գնան, համագործակցեն, ասեն, թե այդ ի՞նչ դավադրություն է»,- նշեց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տարածքների զիջման մասին խոսակցություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց.

«Պատասխանատու ասում եմ՝ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական Զինված ուժերի վերահսկողության ներքո՝ շարունակում են նույն կերպ մնալ հայկական Զինված ուժերի վերահսկողության ներքո»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս