«ԱԱԾ-ում ընդամենն ասելու էի, որ սա քաղաքական հետապնդում է, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը». Դավիթ Շահնազարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ Արցախի հետ կապված իր հայտարարությունների առիթով։
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած նշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ:
Այս հաղորդագրությունից հետո 168.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն այդ կապակցությամբ հայտարարեց. «Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունն առաջ ընկնելով հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ։ Ժամը 14:00-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ ՀՀԿ գրասենյակ»։
«Երեկ երեկոյան՝ ժամը մոտ 21:45-ի սահմաններում, զանգ ստացա. զանգողը ներկայացավ՝ որպես ԱԱԾ սպա, ու հարցրեց, թե ես երբ տանը կլինեմ, որովհետև ինձ շտապ հարցնելու բան ունի։ Ասացի, որ ուշ է, թող մնա առավոտյան, բայց իրենք խնդրեցին, որ շտապ է, և իրենք կարող են մոտենալ իմ ասած տեղը։ Ես ասացի, որ գտնվում եմ «Ցենտրալ» սրճարանում. Նրանք խոստացան 5 րոպեից գալ, ես էլ խնդրեցի, որ անպայման վկայական բերեն։ Քիչ անց մոտեցան երկու երիտասարդներ, շատ կիրթ, ցույց տվեցին վկայականները և ինձ հանձնեցին մի թուղթ, ուր գրված էր, որ ինձ հրավիրում են ԱԱԾ. Դա ծանուցագիր չէր։ Ես ասացի, որ ինձ առավոտյան հարմար չէ, կլինեմ ԱԱԾ-ում ժամը 13:00-ին, երկրորդ օրինակի վրա ստորագրեցի, որ ստացել եմ, և գրեցի, որ կլինեմ իմ ասած ժամին։ Եվ իսկապես ես պատրաստվում էի 13:00-ին գնալ այնտեղ, սակայն այսօր ԱԱԾ-ն անսպասելիորեն հաղորդագրություն տարածեց, ինչից հետո անիմաստ էր գնալ այնտեղ»,- նախապատմությունը ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա հավելեց նաև, որ ինքն ընդամենն ասելու էր, որ սա քաղաքական հետապնդում է, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ու դրանից հետո պարզապես պետք է դուրս գար այնտեղից։
Դ. Շահնազարյանը շեշտեց, որ, եթե իրեն հրավիրողն այլ իրավապահ կառույց լիներ, ինքն ուղղակի կպատռեր այդ թուղթը, ինչի փորձն ինքն արդեն ունեցել է, ամռանը, երբ ՀՔԾ-ից էին ուղարկել՝ չմոռանալով նշել, թե ինչի համար էին իրեն ԱԱԾ հրավիրել։